Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերը
МЕЖДУНАРОДНОЕԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ելույթ է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում՝ ներկայացնելով հակամարտություններից տուժած տարածաշրջաններում միջուկային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության և երաշխիքների ապահովմանն ուղղված գործակալության ջանքերը, ինչպես նաև ամբողջ աշխարհում միջուկային գիտության և տեխնոլոգիաների առավելությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակում են սպառնալ միջուկային անվտանգությանը. Զապորոժիեի ատոմակայանում բազմիցս խափանվել է արտաքին էլեկտրամատակարարումը, ինչպես նաև վնասվել է կարևոր նշանակություն ունեցող էլեկտրական ենթակառուցվածքը։
«Ներկայում քննարկվում է տեղական մակարդակով 9-րդ հրադադարի համաձայնեցումը, որը հնարավորություն կտա իրականացնել հետագա վերանորոգման աշխատանքները։ Գործակալության ներկայությունը տեղում շարունակում է մնալ խիստ անհրաժեշտ», - հայտարարել է Գրոսին։
Իրանում իրավիճակի մասին Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ն Թեհրանից որևէ տեղեկատվություն չի ստացել իր հայտարարագրած միջուկային նյութերի և օբյեկտների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն չի ունեցել մուտք գործելու այդ օբյեկտներ՝ տեղում ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Աստիճանական և տեխնիկական բնույթի քայլերը կարող են հնարավորություն տալ ԱԷՄԳ-ի տեսուչներին վերադառնալ (Իրան) և ճանապարհ հարթել երաշխիքների կիրառման բնականոն գործընթացի համար՝ միաժամանակ նպաստելով վստահության ամրապնդման մթնոլորտի ձևավորմանը, ինչը կարող է նպաստել ավելի լայն համաձայնության ձեռքբերմանը», - նշել է ԱԷՄԳ տնօրենը։
Գրոսին նաև հայտարարել է, որ միջուկային էներգետիկան շարունակում է զարգանալ ամբողջ աշխարհում։ Ներկայում գոյություն ունի 419 միջուկային ռեակտոր, 76-ը կառուցման փուլում են։



