Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 98-Ն որոշման մեջ։ Նպատակն է խթանել Հայաստանի արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ ներմուծող երկրում վճարվող մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
2026 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրոպական միությունը հրապարակել է հայկական ծագման ապրանքների ցանկ, որոնց ներմուծումը դեպի ԵՄ անդամ երկրներ ազատվում է ներմուծման մաքսատուրքի գումարի վճարումից։ Հետևաբար, ծրագիրը դեպի ԵՄ կատարված արտահանումների մասով կորցնում է իր կարևորությունն ու արդիականությունը, ուստի տնտեսվարողները որոշման շրջանակներում դիմելու փոխարեն այսուհետ կկարողանան օգտվել ԵՄ-ի տրամադրած արտոնությունից։
Նշված ցանկը չի ներառում որոշմամբ հաստատված ծրագրի հիմնական թիրախային ապրանքներից մեկը՝ ալյումինե նրբաթիթեղի և ալ յումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալ յումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրության արտադրանքը։ Ուստի, հաշվի առնելով ներկայացված ապրանքի արտադրության և արտահանման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար, ոլորտի ապահոված զբաղվածության մակարդակը, ինչպես նաև բացառելու համար ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքի՝ ոլորտի համար վատթարացնող պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է նշված ապրանքի համար օժանդակության տրամադրումը շարունակել մինչև 2027 թվականի ավարտը կատարված արտահանումների մասով։
Նախագծով նախատեսվում է մեկ տարով երկարաձգել նաև դեպի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ու Կանադա կատարված արտահանումների դեպքում օժանդակության տրամադրման ժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նշված ժամկետի փոփոխությունը կատարվում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կանադան որոշման շրջանակներում փոխհատուցելի արտահանումների երկրների ցանկում ավելացվել է ավելի ուշ՝ բավարար ժամկետ չունենալով օժանդակության խթանման արդյունքում արտահանման ցուցանիշների նկատելի բարելավում գրանցելու համար, իսկ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեպքում՝ հաշվի առնելով գործարար հարաբերությունների դեռևս ոչ բավարար մակարդակի զարգացումները, նպատակահարմար է շարունակել օժանդակության տրամադրումը՝ վերջինս արտահանման կայուն շուկա դարձնելու նպատակով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



