Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրա
ОБЩЕСТВОԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել․ երեքամյա Օլիվիա Մելո Մորեյրան մահացել է ավագ քրոջ արձակած պատահական կրակոցի հետևանքով։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։ Աղջիկների ծնողներն արթնացել են կրակոցի ձայնից։ Նրանց հնգամյա դուստրը վազել է ծնողների մոտ՝ գոռալով. «Ներիր ինձ, հայրիկ, ներիր ինձ, հայրիկ»։
Ծնողները շտապել են հարևան սենյակ և հայտնաբերել փոքրիկ Օլիվիային՝ գետնին ընկած և արյան մեջ։ Աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Աղջիկների հայրը ոստիկանությանը պատմել է, որ դեպքի առավոտյան կինը նկատել է, որ տան դարպասը բաց է։ Նա վերցրել է օրինականորեն պահվող ատրճանակը և իջել ներքև՝ ստուգելու՝ արդյոք որևէ մեկը ներխուժել է իրենց տուն։
Ստուգումից հետո տղամարդը լիցքավորված ատրճանակը թողել է խոհանոցի սեղանին դրված պատյանի մեջ և վերադարձել քնելու։ Կարճ ժամանակ անց ընտանիքը կրակոցի ձայն է լսել։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է միջադեպի բոլոր հանգամանքները՝ պարզելու, թե ինչպես է զենքը հայտնվել երեխայի ձեռքում և ինչպես է տեղի ունեցել կրակոցը։
Past.am-ը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում տանը հրազեն պահելու անվտանգության կանոնների պահպանման կարևորությանը։ Հրազենը պետք է պահվի երեխաների համար անհասանելի վայրում՝ լիցքաթափված և անվտանգ կողպված վիճակում։



