ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել լիբանանյան «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված բարեգործական կազմակերպության, երեք անձի և երկու ընկերության նկատմամբ։ Այս մասին, Region Monitor-ի փոխանցմամբ, հայտնում է «Al Jazeera»-ն։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է «Վա Թաավանու» միությունը, որը, ըստ գերատեսչության, «մարդասիրական ծառայություններ մատուցելու քողի տակ ծածկում է «Հեզբոլլահի» գործունեությունը»։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև միության հիմնադիր Աֆիֆ Աբդել Ռիդա Շումանի և գործարար եղբայրներ Հասան ու Իբրահիմ Խեշենների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են Իրանից «Հեզբոլլահին» գումարներ փոխանցելու մեջ։ Ցանկում ներառվել են նաև ոսկու ոլորտում գործող երկու ընկերություններ, որոնք, ըստ հաղորդման, ղեկավարում են եղբայրները։
Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումները ներկայացրել է որպես «Հեզբոլլահի» ֆինանսական ցանցերը կազմալուծելու և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների ռեսուրսները կրճատելու քաղաքականության մաս։
«Իրանի վարչակարգի՝ «Հեզբոլլահի» նման ահաբեկչական միջնորդների միջոցով Լիբանանի ինքնիշխանությունը խախտելու փորձերը չեն հանդուրժվելու», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նշենք, որ ԱՄՆ-ը խմբավորումը 1997 թվականից ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ «Հեզբոլլահը» նախկինում դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ դրանք անվանելով լիբանանցիներին վախեցնելու փորձ և պնդելով, որ սահմանափակումները չեն ազդի իր ռազմավարական որոշումների վրա։



