ՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը
ОБЩЕСТВОՊաշտպանության նախարարությունը, պատասխանելով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի գրառմանը, պարզաբանել է, որ մահվան դեպքերը հաշվառում է երկու խմբով՝ ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված։
Նախարարության ներկայացմամբ՝ առաջին խմբում ներառվում են զինվորական ծառայության ընթացքում և ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերը։
Երկրորդ խմբում հաշվառվում են այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել ծառայությունից դուրս՝ ծառայության վայրից դուրս, ծառայության հետ կապ չունեցող պայմաններում, այդ թվում՝ արձակուրդի ընթացքում։
ՊՆ-ի խոսքով՝ խնդիրը այս երկու խմբերի թվերը միավորելու և ընդհանուր թիվը հանրությանը ներկայացնելու մեջ է։ Ըստ նախարարության՝ նման մոտեցումը խեղաթյուրում է իրական պատկերը և հանրության շրջանում թյուր ընկալում ձևավորում։
Հիշեցնենք՝ Մարիաննա Ղահրամանյանը հրապարակային դիմել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պահանջելով փաստերով և թվերով պատասխանել բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հարցերին։
Պատգամավորը նշել էր, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 30 դեպք։ Իսկ «Ինֆոքոմ»-ի հրապարակմանն ու Գլխավոր դատախազության տվյալներին հղումով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան դեպքերի թիվը հասել էր 40-ի։
Ղահրամանյանը թվարկել էր նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին արձանագրված չորս մահվան դեպք՝ նշելով, որ դրանք ներառված չեն եղել ավելի վաղ հրապարակված վիճակագրության մեջ։ Դրանց թվում էին Արթուր Վիրաբյանի, Արմեն Ղազարյանի, Տիգրան Ստեփանյանի և 19-ամյա Նարեկ Բադալյանի մահերը։
Պատգամավորը ՊՆ-ից պահանջել էր ներկայացնել մահվան բոլոր դեպքերի վերաբերյալ ստուգելի տվյալներ, պաշտոնական դասակարգումն ու հանգամանքները։
Նա ընդգծել էր, որ զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ, իսկ հանրությունն ամբողջական պատասխանների իրավունք ունի։



