35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
ОБЩЕСТВОՀնդկաստանի Մահարաշտրա նահանգում Մոնա Ագարվալ անունով կինը ձերբակալվել է ամուսնու ենթադրյալ սիրուհու սպանությունը կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Ոստիկանության տվյալներով՝ սպանության զոհը Վարշա Տուրկարն է։ Նոյեմբերի 14-ին նա տոների կապակցությամբ այցելել էր հարազատներին, ապա զբոսանքի դուրս եկել իր ծանոթ գործարար Նիտեշ Ագարվալի հետ։
Վերադարձի ճանապարհին նրանք կանգ են առել Շիվայի տաճարի մոտ։ Այդ պահին երեք տղամարդ հարձակվել են Վարշայի վրա և մի քանի անգամ դանակահարել նրա որովայնն ու մեջքը։ Ստացած վնասվածքների հետևանքով կինը մահացել է։
Սկզբում ոստիկանությունը ենթադրել է, որ Վարշան դարձել է ավազակային հարձակման զոհ։ Սակայն շուրջ 200 տեսագրություն ուսումնասիրելուց հետո քննիչները պարզել են, որ Նիտեշի ավտոմեքենային հետևել են երեք տղամարդիկ։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել նոյեմբերի 19-ին։
Հարցաքննության ընթացքում կասկածյալը հայտնել է, որ սպանությունը կազմակերպել է Նիտեշի կինը՝ Մոնա Ագարվալը, որը կասկածել է ամուսնուն դավաճանության մեջ։
Քննիչների վարկածով՝ Մոնան հանցագործությունը կազմակերպելու համար դիմել է հարևանուհուն, որն էլ կապ է հաստատել ենթադրյալ մարդասպանների հետ։ Վարշայի սպանության դիմաց, ըստ հետաքննության, խոստացվել է 1,3 միլիոն ռուփի։
Պարզվել է նաև, որ հանցակիցները հետևել են Վարշայի տեղաշարժերին՝ օգտագործելով Նիտեշի ավտոմեքենայում տեղադրված GPS համակարգը։
Մոնա Ագարվալն արդեն ձերբակալվել է։ Մյուս ենթադրյալ հանցակիցների որոնումները շարունակվում են։ Հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին և նոր մանրամասներին։



