ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ
ОБЩЕСТВОՌուսաստանը լայնածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Ֆինլանդիայի հետ սահմանին մոտ գտնվող Կամենկա ռազմական ավանում։ Այս մասին հայտնում է ֆիննական Yle հեռարձակող ընկերությունը՝ ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները։
Կամենկան գտնվում է Ֆինլանդիայի սահմանից ուղիղ գծով շուրջ 60 կմ հեռավորության վրա։ Արբանյակային պատկերների համաձայն՝ 2026 թվականի ընթացքում ռազմակայանի տարածքում ապամոնտաժվել են բազմաթիվ հին շինություններ, որոնց փոխարեն նոր կառույցների կառուցում է սկսվել։
Մասնավորապես, քանդվել են ռազմական տեխնիկայի համար նախատեսված մի շարք անգարներ, երկու ճաշարան և երկու զորանոց։ Վերակառուցման աշխատանքներ են իրականացվում նաև զինծառայողների ընտանիքների բնակության համար նախատեսված շենքերում։
Yle-ի տվյալներով՝ Կամենկան ներկայումս Ռուսաստանի զինված ուժերի՝ Ֆինլանդիայի ուղղությամբ տեղակայված կարևորագույն ցամաքային ռազմական հենակետերից է։ Այնտեղ տեղակայված է 69-րդ մոտոհրաձգային դիվիզիան։
Եթե 1990-ականների վերջից Կամենկայում տեղակայված բրիգադի անձնակազմը կազմում էր շուրջ 4400 զինծառայող, ապա այժմ ձևավորվող դիվիզիայի նախատեսվող թվաքանակը կարող է հասնել 11 հազարի։ Դիվիզիայի կազմավորման գործընթացը դեռևս շարունակվում է։
Հատկանշական է, որ այդ ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին, մասնավորապես՝ Խարկովի ուղղությամբ։
Yle-ի հրապարակման համաձայն՝ Կամենկայում ընդլայնվում են նաև ռազմական պատրաստության ենթակառուցվածքները։ Ավելի վաղ ֆիննական Iltalehti թերթը հայտնել էր նոր հրաձգարանների կառուցման մասին։ Ռազմական փորձագետ Մարկո Էկլունդի գնահատմամբ՝ արբանյակային պատկերներում երևացող աշխատանքները կարող են վկայել մարտական և հրաձգային պատրաստության նոր կենտրոնի կառուցման մասին։
Past.am-ը հետևում է Ֆինլանդիայի սահմանակից շրջաններում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների զարգացումներին։



