Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համար
ОБЩЕСТВОՀնդկաստանի Նյու Դելի քաղաքում սոցիալական ցանցերի հայտնի բլոգերին ամուսնության առաջարկ անելու նպատակով Չեննայից ժամանած տղամարդը մահացել է նրա ընտանիքի անդամների և հարևանների ծեծի հետևանքով։
Աբհինավ անունով տղամարդն աշխատել է Չեննայում՝ մասնավոր ընկերությունում, և ծանոթացել է բլոգեր Նեհա Բիշտի հետ սոցիալական ցանցերի միջոցով։ Նա պարբերաբար հետևել է աղջկա հրապարակումներին և ժամանակի ընթացքում միակողմանի զգացմունքներ ունեցել նրա նկատմամբ։
Իմանալով, որ բլոգերը պատրաստվում է ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ, Աբհինավը մեկնել է Նյու Դելի՝ նրան հանդիպելու և ամուսնության առաջարկ անելու նպատակով։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Մադհու Վիհար շրջանում։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը փորձել է մտնել Բիշտի տուն, ինչից հետո նրա ընտանիքի անդամների և հարևանների հետ բախում է սկսվել։ Նրանք բռնել և դաժան ծեծի են ենթարկել Աբհինավին՝ պատճառելով ներքին ու արտաքին լուրջ վնասվածքներ։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Նրա վիճակը ծանր է եղել, և բժիշկներն այլ բուժհաստատություն են տեղափոխել նրան, սակայն նոյեմբերի 14-ին նա մահացել է՝ ստացած վնասվածքներից։
Ոստիկանությունը ձերբակալել է բլոգերի 64-ամյա հորը և շենքի 34-ամյա բնակչին, որը ընտանիքի վարձակալն է եղել։ Երկուսն էլ գտնվում են կալանքի տակ։
Իրավապահները պարզում են նաև բլոգերի եղբոր և մյուս հարևանների հնարավոր մասնակցությունը ծեծին։ Դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրվում են՝ միջադեպի ամբողջական պատկերը վերականգնելու և մյուս մասնակիցներին բացահայտելու նպատակով։
Հայտնի է նաև, որ Աբհինավը բլոգերի տուն այցելել էր դեպքից մի քանի ամիս առաջ։ Ոստիկանության տվյալներով՝ այդ ժամանակ նա կարողացել էր մուտք գործել շենք՝ ներկայանալով որպես աղջկա եղբոր ընկեր։
Նեհա Բիշտը, ըստ հրապարակումների, պնդել է, որ անձամբ չի ճանաչել Աբհինավին։
Past.am-ը հետևում է Հնդկաստանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի հետաքննությանը։



