Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համար
ОБЩЕСТВОԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բիգ Բեար Սիթի քաղաքում տղամարդը հրդեհի ժամանակ ծայրահեղ քայլի է դիմել՝ փրկելու իր երկու տարեկան որդուն։ Նա երեխային նետել է պատշգամբից, ապա ինքն էլ ցատկել՝ փորձելով փրկվել կրակից։
Ծովային հետևակի վետերան Ջոզեֆ Ֆոսթերը որդու՝ Քոուլի հետ Հելոուինի օրերին հանգստանում էր երկհարկանի՝ Airbnb-ի միջոցով վարձակալած տանը։ Նոյեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 2-ից անց, տղամարդուն արթնացրել է կոտրվող ապակու ձայնը։
Արթնանալով՝ նա տեսել է, որ տունն արդեն բռնկվել է։ Գորգը հալվում էր ու այրվում, կրակը տարածվել էր բազմոցի, վարագույրների և առաստաղի վրա։ Բոլոր ելքերն արդեն փակված էին կրակով։
Ջոզեֆը հասկացել է, որ ժամանակ չունի։ Նա վերցրել է որդուն, վազել դեպի պատշգամբ և որոշել երեխային ցած նետել՝ հույս ունենալով, որ այդպես կփրկի նրա կյանքը։ Տղամարդը հիշում է, որ երեխային նետելուց առաջ հասցրել է ներողություն խնդրել նրանից, ապա ինքն էլ ցատկել է մոտ 6 մետր բարձրությունից։
«Ես գիտեի, որ դա վճռորոշ պահ էր։ Եթե այնտեղ մնայինք, երկուսս էլ երկար չէինք ապրի»,- պատմել է Ֆոսթերը։
Հրդեհից փրկվելու ընթացքում տղամարդը մարմնի մոտ 35 տոկոսի չափով երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Նրա որդին, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ունեցել և նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Դեպքից հետո Ջոզեֆի քույրը՝ Ալիշա Սենեչալը, GoFundMe հարթակում դրամահավաք է նախաձեռնել՝ եղբոր բուժման և վերականգնման ծախսերը հոգալու համար։
Ընտանիքի փոխանցմամբ՝ Ֆոսթերը դեռ ցավեր ունի, սակայն արդեն կարողանում է քայլել քայլակի օգնությամբ։ Մաշկի փոխպատվաստման հատվածները լավանում են, թեև վերականգնողական բուժումը շարունակում է դժվարությամբ անցնել։
Past.am-ի տեղեկություններով՝ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Դեպքի հանգամանքները հետաքննվում են։
Այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ծայրահեղ քայլերի կարող է դիմել ծնողը՝ երեխայի կյանքը փրկելու համար։



