Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ОБЩЕСТВОԲրազիլիայի Սան Պաուլո նահանգի Սումարե քաղաքում արտասովոր և վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել․ մայթը հանկարծակի փլուզվել է՝ իր հետ գետնի տակ տանելով երեխային գրկած կնոջն ու մեկ այլ անցորդի։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 10։05-ի սահմաններում։ Կինը փոքրիկ դստեր հետ դուրս է եկել հացաբուլկեղենի խանութից և կանգնել մայթին։ Այդ պահին գետինը հանկարծակի փլուզվել է՝ առաջացնելով մոտ 4 մետր խորությամբ հսկայական փոս։ Նրանց կողքով անցնող տղամարդը նույնպես հայտնվել է փոսի մեջ։
Դեպքը ֆիքսվել է խանութի անվտանգության տեսախցիկներով։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես են մայրը, երեխան և անցորդը վայրկյանների ընթացքում անհետանում գետնի տակ։
Միջադեպի ականատեսներն անմիջապես շտապել են օգնության։ Մոտակա խանութից սանդուղք են բերել և իջեցրել փոսի մեջ։ Սկզբում դուրս են բերել երեխային, ապա օգնել մորն ու տղամարդուն։
Բարեբախտաբար, երեքն էլ ողջ են մնացել և լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Կինը կապտուկներ ու քերծվածքներ է ստացել ծնկների և ոտքերի շրջանում, իսկ տղամարդը գլխի վնասվածք է ունեցել, որի համար ավելի ուշ հինգ կար են դրել։ Երեխան անվնաս է մնացել։
Past.am-ի փոխանցմամբ՝ նախնական վարկածով՝ մայթի փլուզման պատճառը կարող էր լինել ուժեղ անձրևներից հետո ստորգետնյա ջրահեռացման համակարգի վնասումը։ Քաղաքային ծառայություններն ու մասնագետները տեղում ուսումնասիրել են փլուզման պատճառներն ու վնասված հատվածը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկանության և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ։



