Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն
ОБЩЕСТВОԳերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։
Ինչպես փոխանցում են գերմանական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։ Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 46-ամյա տղամարդու, նրա 74-ամյա մոր և երեք երեխաների դիերը։ Եվս երկու երեխա՝ 12-ամյա տղա և 11-ամյա աղջիկ, հայտնաբերվել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկարարական ուղղաթիռներով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկաներ, այդ թվում՝ հարևան Ֆրանսիա։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտանիքի բոլոր հինգ երեխաները (10-ից 14 տարեկան) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, իսկ մահացած հայրն ու տատիկը՝ Գերմանիայի քաղաքացիություն։ Ըստ գերմանական մամուլի տեղեկությունների՝ երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել․ նա ծանր հիվանդ է և գտնվում է մասնագիտացված խնամքի հաստատությունում։
Նախնական տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների սարքերը բնակարանում արձանագրել են շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդի) բարձր խտություն։ Այս պահին քրեական ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք գազի արտահոսքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով, թե առկա է հանցակազմ։



