Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն
ОБЩЕСТВОՀայաստանում նախատեսվում է փոփոխել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։
ՀՀ բարեկեցության և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից։
Խնամքի նպաստի չափը կդառնա միասնական
Նախագծի կարևոր փոփոխություններից մեկի համաձայն՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ։ Այսինքն՝ նպաստի չափն այլևս չի տարբերվի՝ կախված ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրում բնակվելու հանգամանքից։
Ներկայում խնամքի նպաստը կազմում է՝
-
31 600 դրամ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար,
-
37 500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողի համար,
-
69 100 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար։
Նախագծում միասնական նպաստի կոնկրետ չափը նշված չէ։
Կփոխվեն հետադարձ վճարման ժամկետները
2028 թվականի հունվարի 1-ից կկրճատվեն նաև նպաստների հետադարձ նշանակման ժամկետները։ Եթե քաղաքացին ուշ դիմի, երրորդ և հաջորդ երեխայի նպաստը հետադարձ կարգով կնշանակվի միայն նախորդ երեք ամիսների համար՝ ներկայում գործող վեց ամսվա փոխարեն։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դեպքում ևս հետադարձ նշանակման ժամկետը կկրճատվի՝ 12 ամսից դառնալով երեք ամիս։
Բացառություն կկազմեն ծնողի մահվան դեպքերը, որոնց դեպքում կպահպանվի վեցամսյա ժամկետը։
Նպաստ ստանալու համար ծնողը նույնպես պետք է գտնվի Հայաստանում
Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ-ից բացակայելու հիմքով նպաստների դադարեցման կարգում։ Կսահմանվի միասնական՝ երեքամսյա ժամկետ։
Բացի այդ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու պարտադիր պայման կդառնա ոչ միայն երեխայի, այլև ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը։
Կվերանա տարեկան բանկ ներկայանալու պահանջը
Փոփոխություններով նախատեսվում է նաև նվազեցնել քաղաքացիների վարչարարական բեռը։ Երրորդ և հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների վճարումը շարունակելու համար ծնողներն այլևս պարտավոր չեն լինի տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալ և ստորագրել Հայաստանում գտնվելու մասին հայտարարություն։
Փոխարենը՝ ծնողի և երեխայի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կստուգվի ինքնաշխատ եղանակով՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։
Հայաստան վերադառնալուց հետո նպաստ ստանալու իրավունքը կվերականգնվի ավտոմատ կերպով՝ առանց ծնողի կողմից լրացուցիչ դիմում ներկայացնելու։
Past.am-ը հետևում է սոցիալական աջակցության ծրագրերում նախատեսվող փոփոխություններին, որոնք կարող են առնչվել Հայաստանում հազարավոր ընտանիքների։



