Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը
ПОЛИТИКАՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին՝ նշելով, որ ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով՝ ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է։ Դա մեր հարևան երկիրն է։ Քաղաքականությունը փոխվում է, սակայն ժողովուրդը մնում է ժողովուրդ։ Նույնիսկ եթե Անտարկտիդան հալվի, մենք միևնույն է հարևաններ կմնանք։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, մենք պետք է պահպանենք այն», – լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նա նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև Մոսկվայում և Թբիլիսիում բանակցություններ վարելու օգտին, բայց հանդիպումները պետք է կազմակերպվեն հերթագայությամբ։
«Հանդիպումներն, անշուշտ, կարող են տեղի ունենալ թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում, բայց եթե նման մոտեցում գտնվի, սկզբունքորեն կարևոր է, որ հանդիպումները Մոսկվայում և Թբիլիսիում տեղի ունենան հերթագայությամբ», – ասել է Կոբախիձեն:
Նոյեմբերի 19-ին Զուրաբաշվիլին և Գալուզինը Մինսկում անցկացրել են առաջին բանակցությունները։ Վրացական կողմի տեղեկություններով՝ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների ընթացքը։
Ռուսական կողմը նշել է, որ տեղի է ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում. շեշտը դրվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։



