Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման նախապատրաստական հարցեր
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին փետրվարի 24-ին Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման նախապատրաստման հարցեր են քննարկել: ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հանձնարականի համաձայն, որոնք փետրվարի 22-ին հավանության էին արժանացրել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առաջարկել են քննարկել այդ գործընթացի եղանակները:
Լավրովն ու Քերրին քննարկել են նաեւ «հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ միջսիրիական բանակցությունների անհապաղ վերականգնման խնդիրները, ինչպես նաեւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում փոխգործակցության հետ կապված հարցեր»:



