Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին
ПОЛИТИКАԿանադայի խորհրդարանի Համայնքների պալատ է ներկայացվել հանրագիր՝ Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային հետ կանչելու պահանջով։ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ փաստաթուղթը ներկայացրել է Կանադայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Մեյը։
Դրանում ընդգծվում է, որ երկրի իշխանությունները պետք է «պաշտոնապես պերսոնա նոն գրատա հայտարարեն Փիթ Հուկստրային» և հասնեն Միացյալ Նահանգներ նրա վերադարձին։ Ինչպես նշված է հանրագրում, Հուկստրան «բազմիցս արել է հրապարակային հայտարարություններ, որոնք խաթարում են» երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները։
Նշվում է, որ դեսպանը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Կանադան «51-րդ նահանգ» դարձնելու մասին, միջամտել է երկրի ներքին քաղաքականությանը և շփումներ ունեցել Կանադայում գործող անջատողական շարժումների հետ։
Փաստաթուղթը հուլիսի 21-ից մինչև նոյեմբերի 18-ը ստորագրել են Կանադայի շուրջ 286 000 բնակիչներ։ Այժմ Կանադայի կառավարությունը պետք է պաշտոնական պատասխան տա հանրագրին, բայց պարտավոր չէ կատարել դրանում շարադրված պահանջները։
Թրամփն ավելի վաղ բազմիցս կոչ է արել, որ Կանադան մտնի Միացյալ Նահանգների կազմ։ Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին կոչել է նահանգապետ:
Քարնին սեպտեմբերի վերջին The New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Կանադայի իշխանությունները վերջին տարվա ընթացքում պատրաստվել են ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ներխուժման, թեև իրադարձությունների այդ զարգացումը համարել են քիչ հավանական։ ԱՄՆ-ն և Կանադան նաև սահմանել են փոխադարձ մաքսատուրքեր: Քարնին նշել է, որ երկրների միջև «առևտրային պատերազմ» է ընթանում:



