Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան
ПОЛИТИКА«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ հունվարին, սակայն իրավապահները տասը ամիս սպասել են նրան նորից կալանավորելու հարմար պահի, այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ուղիղը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով
Նրա խոսքով՝ Կարապետյանը 530 օրից ավելի զրկված է ազատությունից, և նման տևական անազատությունն առանց որևէ իրավական հիմքի է։
«Շատ կարևոր է ֆիքսել, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է։ Նման կերպ չի լինում, բայց Հայաստանում լինում է, Սամվել Կարապետյանի պարագայում՝ լինում է»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել էր հունվարին, սակայն փաստաբանը պնդել է, որ իրավապահները տասը ամիս որևէ գործողություն չեն կատարել և սպասել են Կարապետյանին կրկին կալանավորելու հարմար պահի, երբ, իր գնահատմամբ, ձախողվել է իշխանությունների նախանշած օրակարգը։
Քննչական կոմիտեն Կարապետյանին մեղադրում է 2016-2024 թվականներին կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 64,5 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։ Քննիչների պնդմամբ՝ ընկերությունից գումարներ են փոխանցվել բաժնետերերին, ապա կազմակերպվել է դրանց հափշտակությունն ու հանցավոր ծագման քողարկումը։
Վարդևանյանը հերքում է մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Կարապետյանի սեփականատիրության ընթացքում ՀԷՑ-ում շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։
Կարապետյանին 2025 թվականի հունիսի 18-ին կալանավորել էին իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Դեկտեմբերի 30-ին դատարանը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով և գրավով։
Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին հայտնել էր ՀԷՑ-ին առնչվող առանձին քրեական գործով Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։ Քննության վարկածով՝ 2016-2024 թվականներին ընկերությանը պատճառվել էր ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս (մոտ 168 մլն դոլար)։
Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 5-ին Կարապետյանին մեկ ամսով կալանավորել էր։ Նրա պաշտպանները նոյեմբերի 16-ին բողոքարկել էին որոշումը՝ այն համարելով անհիմն։ Վարդևանյանը պնդում է, որ Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Նոյեմբերի 17-ին առաջին քրեական գործով դատական նիստը հետաձգվել էր։



