Կառավարությունը պատրաստ է մինչ ամսվա վերջ ամբողջովին վճարել նաիրիտցիների պարտքը
ЭКОНОМИКАՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի մեկնարկին կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին դժգոհ կառավարությունից, հատկապես եթե կառավարությունը նրանց տված խոստումը կատարել է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ի պատասխան տեղեկացրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ:
«Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Մի շարք աշխատակիցներ, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկվել: Այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են կատարվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը և ավելացրեց, որ առաջիկա օրերին այդ հարցը կլուծվի:
Երվանդ Զախարյանը նաև փոխանցեց, որ աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, սակայն, նրա խոսքով, այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:
Արձագանքելով երկխոսությանը` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը փորձեց պարզաբանել, թե ինչու են նաիրիտցիները ցանկանում աշխատավարձը միանգամից ստանալ: «Մտածում են, որ դուք կվճարեք 200 հոգու աշխատավարձ, և գումարը կավարտվի: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ: Ասում են, կհասնեք 20–ին կամ 25–ին, կասեք, փող չկա: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Պետք է երաշխիք տանք, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան ու համոզված եմ, որ էլ չեն հավաքվի»,- ասաց Հակոբյանը:
Երվանդ Զախարյանը ամբիոնից հայտարարեց, որ եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչև ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլոր աշխատավարձերը: «Իսկ նրանց, ովքեր ցանկանում են այժմ ստանալ, պատրաստ ենք նաև այս ընթացքում կատարել վճարումները: Մենք համաձայն ենք երկու տարբերակին էլ»,- ասաց Զախարյանը, իսկ վարչապետն էլ հավելեց` թող իրենք որոշեն, մեզ ասեն: