Մեզ ասում են, որ ձեզ էլ կանենք այն, ինչ 1915 թվականին արել ենք հայերի հետ. Դեմիրթաշը՝ ռուս-քրդական կապերի մասին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բաթմանում (Սասուն) մասնակցել է կուսակցության կազմակերպած խաղաղության հանրահավաքին։
Դեմիրթաշը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ռուս-քրդական ներկայիս համագործակցությանը՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ սպառնալիքներ են ստանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ): «Մեզ ասում են. «Սրանք նման են ռուսների հետ համագործակցող հայերին։ Այն, ինչ 1915 թվականին արեցինք հայերի հետ, նույնը կանենք նաև ձեզ»,- ասել է նա։
Դեմիրթաշն ընդգծել է, որ Դավութօղլուն Բինգյոլում (Բյուրակն) հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «հայկական հրոսակախմբերն էլ էին համագործակցում Ռուսաստանի հետ»։ Դրա հետ կապված՝ Դեմիրթաշը հայտարարել է, որ Դավութօղլուն, գալով Բինգյոլ, սպառնացել է սպանդով:
«Մենք ապավինում ենք մեր միասնությանն ու միությանը։ Այժմ մենք ժողովրդական ուժ ենք»,- ասել է նա։
Դեմիրթաշը կարևորել է պատմական դեպքերից դասեր քաղելը և իշխանություններին մեղադրել է միակողմանի պատմական դրվագներ հիշատակելու համար, ինչպիսին, օրինակ, 1071 թվականին տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտն է։
Նա Դավութօղլուին խորհուրդ է տվել պատմական դասեր չտալ իրենց և փոխարենը խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Աղրըում (Արարատ), Դերսիմում (Թունջելի)։ Դեմիրթաշը Դավութօղլուին հիշեցրել է նաև, որ նա իր գրած գրքերում «մոռացել» է ընդհանրապես հիշատակել քրդերի մասին, կարծես նրանք այդպես էլ չեն եղել:
«Հեյ Դավութօղլու, ի՞նչ եղանք մենք։ Ամենատարածված չորս լեզուներից մեկը քրդերենն է։ Այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդը քրդերն են։ ԱԶԿ-ն քրդերին չի դիտարկում որպես ժողովուրդ, քրդերին դիտարկում են կարծես տիեզերքից սխալմամբ ընկածներից:
Քուրդ ժողովրդի կարգավիճակն անընդունելի է առանց լեզվի։ Քամի առաջացնելով՝ ճանապարհ եք հարթում փոթորկի առջև։ Սպանդով սպառնացող վարչապետը կանցնի պատմության գիրկը։ Անգամ Ալփարսլանը քրդերի դեմ չպատերազմեց։ Դու որքան անխելք պիտի լինես, որ պատերազմ ես հայտարարում քրդերին»:



