Ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունից
ЭКОНОМИКАԱյսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ է հանդիպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանը,- հայտնում է Past.am-ը:
Տնտեսագետն անդրադարձել է Հայաստանի միացմանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընտանիքին: Տեղեկացնենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 2001թ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը դիտորդի կարգավիճակ ունեն, թեպետ արդեն մեկնարկել է Հնկաստանի և Պակիստանի անդամակցության գործընթացը: Մի քանի օր առաջ՝ Ուֆայի գագաթնաժողովին Հայաստանը, Կամբոջան, Նեպալն ու Ադրբեջանը դարձան կառույցի գործընկերներ: Գրիգոր Նազարյանի խոսքով՝ այս կառույցն ունի բազմավեկտոր առաքելություն և հանդիսանում է ներդրումների նոր հարթակ:
«Այս կազմակերպության անդամակցությունը երեք տիպի է լինում՝ անդամ երկրներ, դիտորդ երկրներ, երկխոսության անդամ երկրներ: Հայաստանը դարձել է երկխոսության անդամ երկիր, ինչը նշանակում է, որ Հայաստանը որոշումների կայացմանը չի կարող մասնակցել, բայց կարող է օգտվել այդ որոշումներից»,- նշել է Գրիգոր Նազարյանը և հավելել, որ երկրները, որոնք ընդունում են համագործակցելու կազմակերպության սկզբունքները, նպատակները, իրականացնում են իրավահավասար գործունեություն:
Նազարյանը նաև ասաց, որ այս կառույցը հակասության մեջ չի մտնի ԵՏՄ-ին մեր անդամակցության հետ, ըստ նրա՝ խնդիրներ չեն լինի նաև Արևմուտքի հետ մեր հարաբերություններում: Բանախոսը կարևորեց, որ Ուֆայի գագաթնաժողովում ընդունվել է որոշում՝ Զարգացման բանկի ստեղծման մասին, որի գլխավոր դոնորը լինելու է Չինաստանը:
Խոսելով կազմակերպությունից սպասվող օգուտներից՝ բանախոսը նշեց. «Ուֆայի գագաթնաժողովում հիմնական խնդիրներից մեկը, որ առաջադրվել է, Մետաքսի ճանապարհի ստեղծումն էր, ինչին անմասն չի լինելու նաև Հայաստանը»:
Լևոն Փանոսյան