Միջուկային ծրագրի կարգավորումից հետո ՇՀԿ-ում Իրանի կարգավիճակը կբարձրանա
МЕЖДУНАРОДНОЕՇանհայի Համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են բարձրացնել կազմակերպությունում Իրանի կարգավիճակը: ՇՀԿ պետությունների նախարարների խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք դիտարկել ենք նաեւ Իրանի հայտը, որը 2005 թվականից որպես դիտորդ-պետություն ակտիվորեն մասնակցում է ՇՀԿ-ի աշխատանքներին: Բոլորս արտահայտվեցինք մեր կազմակերպությունում Իրանի կարգավիճակի բարձրացման օգտին՝ իրանական միջուկային ծրագրի բանակցությունների համապարփակ կարգավորման համատեքստում»,- հայտարարել է Լավրովը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Լավրովը նաեւ հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի համար խոչընդոտներ չկան:
ՇՀԿ-ն մշտական հիմունքով գործող միջազգային միջկառավարական կազմակերպություն է: Այն ստեղծելու մասին Հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ներկայում ՇՀԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը:



