Ի՞նչ ունեցվածք է իր հետ տեղափոխել Չինաստանից նախկին վարչապետի եղբայրը
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Արմեն Սարգսյանի՝ Չինաստանի ժողովրդական հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Արմեն Սարգսյանին է պատկանում երկու բնակարան եւ մեկ հողամաս: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 18 միլիոն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, յոթ հազար եվրո եւ 300 հազար չինական յուան:
Այս տարվա հունվարի մեկից մինչեւ փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում նախկին դեսպանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 3 հազար 238 ամերիկյան դոլար, եւ կենսաթոշակից՝ 136 հազար 500 դրամի չափով:
Նրա կինը՝ Սուսաննա Սարգսյանը, 2014թ-ին հայտարարագրել է 2 միլիոն դրամի, 20 հազար ամերիկյան դոլարի եւ 50 հազար չինական յուանի չափով դրամական միջոցներ:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է եւ ՉժՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում դեռեւս 2008 թ-ից: Համատեղության կարգով նա աշխատում էր նաեւ Վիետնամի, Կորեայի, Սինգապուրի եւ Մոնղոլիայի հանրապետություններում՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Արմեն Սարգսյանին առաջարկվել է զբաղեցնել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան