Սերբիայի նախագահն ընդունել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդին
МЕЖДУНАРОДНОЕՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում փետրվարի 26-ին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը նախագահական պալատում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին, Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանին, կիպրացի քաղաքական լրագրող Յանոս Խարալամպիտիսին (վերջինս հեղինակ է Արցախի պատմության մասին մի գրքի՝ հունարեն լեզվով): Ինչպես տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև Սերբիայի արտաքին գործերի նախկին նախարար Իվան Մրքիչը, նախագահի խորհրդականը և այլ պաշտոնական անձինք: Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ խոսեցին Սերբիայի նախագահի հետ:
Տաթև սրբազանի առաջնորդությամբ հյուրերը Սերբիայի նախագահին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նվիրած «Քրիստոսի Ծննդյան» սրբապատկերը: Վերոնշյալ սրբապատկերը զարդարելու է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի բարերությամբ կառուցվող եկեղեցին, որը կառուցվում է նախագահի ծննդավայրում: Հավելենք, որ եկեղեցին դեռ շինարարական աշխատանքի ընթացքի մեջ է և ավարտվելու է այս տարի: Սերբիայի նախագահն իր գնահատանքը և երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին գեղեցիկ սրբապատկերի համար, ինչպես նաև Տաթև սրբազանին, ով Ռումինիայից Վեհափառի կարգադրությամբ ժամանեց Սերբիա: Տաթև սրբազանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Տոմիսլավ Նիկոլիչին ընդունելության համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը, ընդունելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերը, կժամանի Հայաստան:
Հայոց պատվիրակության մյուս անդամ՝ Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, զրուցելով Սերբիայի նախագահի հետ, վերջինիս խնդրեց Բելգրադում մի հողատարածք տրամադրել հայ համայնքին, որպեսզի կարողանան եկեղեցի և դպրոց կառուցել: Խնդրանքը դրական ընդունեց երկրի նախագահը՝ հանձնարարական տալով պաշտոնյաներին, որպեսզի, գործակցելով հայ համայնքի հետ, խնդիրը լուծում ստանա: Սամվել Այվազյանը նշեց, որ եկեղեցու, դպրոցի կառուցումը և բացումը կապահովեն Սերբիայի հայ համայնքի հավատքի և լեզվի պահպանմանը:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը երախտագիտություն հայտնեց Սերբիայի նախագահին Հայաստան կատարած երկու այցելությունների համար, հատկապես, երբ նա մասնակցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած հիշատակման հանդիսություններին: Գասպար Կարապետյանը նաև իր գոհունակությունը հայտնեց Հայաստան-Սերբիա երկկողման հարաբերությունների բարելավման համար` հայտնելով նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատրաստակամությունը` երկու երկիրների միջև հարաբերությունների խորացմանն օժանդակելու հարցում:
Վերջում Սերբիայի նախագահն հյուրերի հետ կիսվեց անցյալ տարի Ծիծեռնակաբերդում իր ստացած տպավորություններով: Նա հավելեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ավելի կսերտանան և կբարելավեն, և առանցքային կլինի, եթե 2016 թվականին պաշտոնական այցով Սերբիա ժամանի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:



