Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի աշխարհի իրադրության համար. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, այն բանի համար, ինչ կատարվում է Եվրոպայի սահմաններից դուրս: Այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մարտի 2-ին Ռայնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախընտրական ժողովում:
«Դա նշանակում է ավելի մեծ օգնություն զարգացման համար, ավելի շատ ստանդարտներ կլիմայի պաշտպանության հարցում, դա նշանակում է ազնիվ առեւտուր եւ շատ այլ բաներ, ինչը, հնարավոր է, անկարելի է զգալ փակ հասարակության մեջ»,- նշել է Մերկելը: Նրա խոսքով՝ Գերմանիան չի բավարարվի «ապրանքներ արտահանողի եւ ֆաբրիկաներ կառուցողի» դերով:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպայի հիմնական հարցերից մեկը՝ միգրացիոն ճգնաժամը, լուծելուն կօգնի Սիրիայի իրադրության կարգավորումը: Այդ կապակցությամբ Մերկելը միջսիրիական բանակցությունների հաջողության հույս է հայտնել, որոնք, ինչպես սպասվում է, մարտի 9-ին կվերսկսվեն Ժնեւում:



