ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Եվրոպայում վերահաս ահաբեկչական գործողությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մոտ ժամանակներս ահաբեկչական գործողություններ է պլանավորում Եվրոպայում: Այդ մասին,ասված է սպառնալիքների վերաբերյալ նախազգոշացման մեջ, որը տարածել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Փաստաթղթից մարտի 4-ին քաղվածքներ է արել ՌԻԱ Նովոստին:
«Հավաստի տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ահաբեկչական այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են ԻՊ-ն եւ «Ալ Քաիդան» ու նրանց կողմնակիցները, մոտ ժամանակներս ահաբեկչական գործողություններ են պատրաստում Եվրոպայում»,- նշվում է փաստաթղթում: Ընդ որում խոցելի են մնում եվրոպական բոլոր երկրները:
Ահաբեկչական դրսեւորումները նախ եւ առաջ հնարավոր են խոշոր մարզական միջոցառումների ժամանակ, թատրոններում, բաց շուկաներում, ավիածառայություններում, տրանսպորտային համակարգերում եւ հասարակական վայրերում, ճշտում է գերատեսչությունը:
«Եվրոպայում ահաբեկչական գործողությունները կշարունակվեն մեծ հավանականությամբ»,- ասված է փաստաթղթում: Պետդեպը պարզաբանում է, որ դա կապված է Սիրիայից եւ Իրաքից եվրոպական պետությունների այն քաղաքացիների վերադառնալու հետ, որոնք հարել էին ԻՊ-ին:



