Պեկինն անհանգստացած Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժություններից
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ մարտի 7-ին սկսված «աննախադեպ մասշտաբի» համատեղ զորավարժություններն սպառնում են Կորեական թերակղզու անվտանգությանն ու կայունությանը: Այդ մասին, լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Խուն Լեյը:
«ԿԺԴՀ-ն արդեն կտրուկ արձագանքել Է այդ վարժանքներին, Չինաստանը նույնպես անհանգստացած Է այդ զորավարժությունների կապակցությամբ: Չինաստանը գտնվում Է Կորեական թերակղզու մերձակայքում, ուստի լրջորեն մտահոգված Է Կորեական թերակղզու կայունության խնդրով»,-ասել Է Խուն Լեյը:
Նա նշել Է, որ Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս բոլոր այն գործողությունների դեմ, որոնք նպաստում են Կորեական թերակղզու իրադրության սրմանը: «Մենք երբեք չենք հաշտվի այնպիսի գործողությունների հետ, որոնք պատերազմ եւ անկարգություններ են հրահրում մեր տան շեմի մոտ»,-նշել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը: «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը սառնասրտություն եւ զսպվածություն կդրսեւորեն: Չպետք Է միմյանց հրահրել եւ սրել իրադրությունը»,-ասել Է Խուն Լեյը:
Մարտի 7-ին ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են 2010 թվականից ի վեր խոշորագույն Key Resolve եւ Foal Eagle համատեղ զորավարժությունները: Դրանց մասնակցում են ավելի քան 300 հազար հարավկորեացի եւ 17 հազար ամերիկացի զինծառայողներ:
Key Resolve հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն մարտի 7-ից մինչեւ 18-ը, իսկ Foal Eagle զորավարժությունները՝ մարտի 7-ից մինչեւ ապրիլի 30-ը: Դրանց կմասնակցեն ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, բանակը եւ հատուկ նշանակության ուժերը:
Ամերիկյան հրամանատարությունը հյուսիսկորեական կողմին ծանուցել է զորավարժությունների սկսվելու եւ դրանց պաշտպանողական բնույթի մասին:
Մինչդեռ ԿԺԴՀ-ի Պաշտպանության պետական կոմիտեն զորավարժությունների սկսվելու կապակցությամբ հայտարարել է, որ սադրանքների դեպքում Կորեայի ժողովրդական բանակը «հարված կհասցնի ԱՄՆ-ի մայրցամաքային մասին եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, կիրականացնի Հարավային Կորեայի ազատագրման գործողություն»: ԿԺԴՀ-ի ժողովուրդն ու բանակը բաց չեն թողնի «հայրենիքի վերամիավորման համար սրբազան պատերազմ ծավալելու» հնարավորությունը, ընդգծել է Պաշտպանության պետական կոմիտեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



