Կավալենկո Շահգալդյանի կինը մեկ տարվա մեջ երկու բնակարան է ձեռք բերել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանի 2015թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Շահգալդյանը նախորդ տարի 80 միլիոն դրամի չափով փոխառություն է վերադարձրել: Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են ինը հազար, իսկ տարեվերջին՝ յոթ հազար ամերիկյան դոլար: Շահգալդյանի աշխատավարձը, մեկ տարվա կտրվածքով, կազմել է ութ միլիոն 646 հազար 801 դրամ:
Վարչապետի խորհրդականի կնոջ՝ Գայանե Շահգալդյանի 2015թ. հայտարարագրում մի քանի հետաքրքրիր տվյալ կա: Այսպես, Շահգալդյանի կինը նախորդ տարի 85 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է վաճառել, միաժամանակ, գնել երկու բնակարան եւ մեկ հողամաս՝ համապատասխանաբար 33 ու 48 եւ 9 միլիոն դրամ արժողությամբ: Հայտարարագրից պարզ է դառնում, որ Շահգալդյանի կինն այդ բնակարանները ձեռք բերելու համար նախատեսված գումարը որպես նվիրատվություն է ստացել:
Շահգալդյանի կնոջ 2015-ի եկամուտները գոյացել են 420 հազար դրամ կենսաթոշակից, վերոնշյալ նվիրատվությունից եւ վաճառված բնակարանից ստացված գումարից: Հատկանշական է, որ նվիրատվության գումարը նա բնամթերքի տեսքով է ստացել:
Հիշեցնենք նաեւ, որ Կավալենկո Շահգալդյանը մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան