«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել հայ-ռուսական գազային համաձայնագրում, ըստ որի՝ Հայաստանում գազի գինը չի փոխվի մինչեւ 2017 թվականի առաջին եռամսյակ: Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը նախընտրական տարում գոնե գազի գնաճ թույլ չտալն է, մինչեւ տեղի կունենան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ:
Ինչպես 2012-ի ընտրությունների պարագայում, երբ դրանից մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններից էլ հետո, հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գազի գինն արդեն երկու տարի է՝ թանկացել է, այսինքն՝ Ռուսաստանից մատակարարվող գինը՝ սահմանի վրա, իսկ Հայաստանն էլ դրա դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք ռուսական «Գազպրոմին»: Այդ պարտքը փակվեց Հայաստանի «Հայռուսգազարդ» ընկերության մասնաբաժնում կառավարության վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու միջոցով, որից հետո «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»՝ լինելով 100 տոկոսով ռուսական ընկերություն: Հայաստանի իշխանությունը այդպես վճարեց 2012 թվականի լռության դիմաց, որ խնդրել էր Ռուսաստանից:
Այդ ժամանակ հայկական մամուլում տեղեկություններ էին հրապարակվում, որ Ռուսաստանը սահմանի վրա գինը թանկացրել է, եւ այն այլեւս ոչ թե 189 դոլար է, այլ 220: Հայաստանի իշխանությունները երդվում ու հերքում էին, թե այդպիսի բան չկա: Հետո պարզվեց, որ այդպիսի բան կա, եւ Հայաստանն ուղղակի պայմանավորվել է, որ Մոսկվան չի հայտարարի թանկացման մասին: Բայց հաշվիչը, ինչպես ասում են, պտտվել էր եւ Հայաստանի հաշվին ավելացրել 300 միլիոն դոլարի պարտք: Հայաստանը դա վճարեց իր ռազմավարական ակտիվներով՝ այդպիսով, ըստ էության, վճարելով նախընտրական լռության համար:
Հասկանալի է, որ եթե հայտարարվեր գազի թանկացման մասին 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա դա կարող էր բավական բացասական տրամադրություններ առաջ բերել բնակչության շրջանում: 2013-ին, սակայն, Հայաստանը վճարեց ոչ միայն 300 միլիոնն իր ռազմավարական ակտիվներով, այլ նաեւ վճարեց ինքնիշխանությամբ՝ մտնելով Եվրասիական միություն, Եվրաասոցացման համաձայնագրի շուրջ հաջող ընթացած բանակցությունը վերջին պահին ամոթալի կերպով տապալելու գնով:
Այստեղ եւս գազի հարցն ուներ էական նշանակություն, քանի որ Ռուսաստանը միայն այդ գնով համաձայնեց, այսպես ասած, հետ բերել չհայտարարված թանկացումը, թեեւ քարոզչական մանիպուլյացիայով, թե իբր գինը նվազեցնում են: Իսկ գինը նվազեց եւ «դարձավ» 189 դոլար, այն դեպքում, երբ երբեք չէր հայտարարվել դրանից ավելի բարձրացնելու մասին:
Այսպիսով, գազա-քաղաքական մեքենայությունների արդյունքում Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունն ու ռազմավարական ակտիվի վերջին բաժնեմասը: Այսօր կարծեք թե մտնում ենք պատմության կրկնության փուլ, եւ իշխանությունները ընտրություններից առաջ կրկին ձեռքը տանում են գազին: Իսկ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի նախադեպը եւ այն, որ գործ ունենք նույն իշխանության հետ, մնում է հասկանալ, թե այս անգամ խորհրդարանի ընտրությունից հետո ինչ է պարզվելու՝ քանի հարյուր միլիոն դոլար պարտք է «կուտակված» լինելու Հայաստանի հաշվին գազն այս անգամ էլ «չթանկացնելու» համաձայնության դիմաց, եւ ինչ ռազմավարական ակտիվ է Հայաստանից գնալու դեպի Ռուսաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում