Ուշադրություն.ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
ЭКОНОМИКАՀամաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2... -3, հողի մակերևույթին` -4...-5 աստիճան ցուրտ:
Ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են նշենին, վաղահաս դեղձենին, սալորենու որոշ տեսակներ և այլն:
Նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաև ծառերի ուռչած բողբոջները:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին` այգիների հարակից ճանապարհների վրա քամու ուղղությամբ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, ծառի ճյուղերի, արքադի, աթարի և այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ 00C –ի` այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում` ապահովելով դրական ջերմաստիճանային պայմաններ:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների վերաբերյալ նոր և առավել ճշտված տեղեկատվություն ստանալու դեպքում նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:
ՀՀ գյուղատեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին