Ռուսական զորքերի հեռացումը կարճաժամկետ ապագայում կունենա դրական, իսկ երկարաժամկետում՝ բացասական ազդեցություն. Արմեն Պետրոսյան
МЕЖДУНАРОДНОЕԵրեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: «Կարծում եմ, որ ՊՆ-ի առաջ դրված հանձնարարությունները, ընդհանուր առմամբ, իրագործվել են», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Past.am-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզել ՌԴ նախագահի որոշման պատճառներն ու հետագա ազդեցությունները:
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ զորքերի դուրս բերման հետևանքները կարելի է դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Պետրոսյանը նշում է, որ կարճաժամկետ ապագայում կարող են լինել դրական տեղաշարժեր այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են Ժնևում՝ «Ժնև-3» ձևաչափի շրջանակներում, որի տվյալ ենթափուլի հիմնական թեմատիկան Սիրիայում անցումային կառավարման մարմնի ձևավորումն է:
«Ռուսական ուժերի դուրս բերումը, եթե դիտարկում ենք այս տեսանկյունից, որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ առնվազն մեղադրանքներ չեն կարող հնչել առ այն, որ Ռուսաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Սակայն երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են բացասական հետևանքներ՝ կապված այն հարցի հետ, թե ինչ տեղի կունենա, եթե քաղաքական ձևաչափը տապալվի և հրադադարի ռեժիմը չպահպանվի: Խոսքը գնում է արդեն ավելի լուրջ ռազմական գործողությունների մասին՝ առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության: Իսկ դրա հետևանքներն էլ կարող է լինել Սիրիայում գործող վարչակարգի տապալումը»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Պուտինի որոշման պատճառներին՝ արաբագետն ասաց. «Մեկը, բնականաբար, պաշտոնական Մոսկվայի ներկայացրած տարբերակն է առ այն, որ ռուսական զորքն իր առաջ դրված խնդիրն իրագործել է: Բայց այստեղ այնքան էլ հստակ չէ, քանի որ ի սկզբանե ներգրավվելով սիրիական հակամարտությանը, թե՛ նախագահ Պուտինը, թե ՛այլ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ իրենք կմնան և կիրականացնեն իրենց գործառույթները Սիրիայի տարածքում այնքան, մինչև վերջնականապես հաղթեն միջազգային ահաբեկչությանը: Ինչպես տեսնում եք, «Իսլամական պետությունը» և այլ ուժեր շարունակում են գործել՝ սպառնալիք հանդիսանալով գրեթե այդ նույն տարածքներում, որտեղ եղել են գրեթե մինչև ռուսական ներխուժումը: Սա մեծ բացթողում է, որը չի համապատասխանում ռուսական ռազմական նպատակներին:
Կարևոր է նաև Թուրքիայի դերակատարությունը, քանի որ գիտենք, որ սիրիական հակամարտությանը ռուսական կողմի ներգրավմամբ սրվեցին թուրք-սիրիական հարաբերությունները, և ռուսական օդուժի գործողություններն ուղղված էին այն տարածքների դեմ, որոնք հանդիսանում էին թուրքական ազդեցության գոտիներ: Հիմա փաստացի կանաչ լույս է վառվում Թուրքիայի համար, որպեսզի կարողանա վերականգնել սեփական դիրքերը: Կա նաև Ասադի վարչակազմի հարցը: Ներգրավվելով հակամարտության մեջ՝ Ռուսաստանն աջակցում էր Ասադին, ինչպես նաև Սիրիայի քրդերին, հատկապես «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, որը Թուրքիայի կողմից հռչակված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Վերոհիշյալ ուժերի դիրքերը բավականին կթուլանան, եթե Ռուսաստանը չունենա ակտիվ դերակտարություն»,- նշեց Արմեն Պետրոսյանը:
Լևոն Փանոսյան



