ՀՀ կառավարությունում քննարկել են հարկային օրենսդրության բարեփոխումները
ЭКОНОМИКАՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 21-ին տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: