Սերգո Կարապետյանը հետևել է Արմավիրում և Արարատում ցրտահարության դեմ տարվող աշխատանքների ընթացքին
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 17-ի ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների և մարզպետարանների մասնագետները:
Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան` սպասվող ցրտահարության հետևանքները մեղմելու համար: Մասնավորապես, Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Նա նաև նշել է, որ համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին համայնքում ստացել են մոտ 8 00 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:
Ցրտահարության դեմ պայքարի միջոցներ կիրառելու նպատակով գյուղացիներն իրականացրել են ինչպես ավանդական միջոցառումներ` ծխահարություններ և ոռոգում, այնպես էլ նոր մեթոդներ: Մասնավորապես, Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից` նախարարության մասնագետներից: Ըստ այդմ, ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են, և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ օգնում է պաշտպանվել ցրտահարությունից: Նախարարության մասնագետները դիտարկել են կատարված աշխատանքները և տվել լրացուցիչ խորհուրդներ ու ցուցումներ:
Շրջայցի ճանապարհին նախարար Կարապետյանը կանգառներ է կատարել մարզերի գրեթե բոլոր համայնքներում, հանդիպել ու զրուցել այգեգործների հետ: