Մեկ տարվա մեջ երկու մեքենա են ձեռք բերել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գեւորգյանի 2015թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Արմինե Գեւորգյանի դրամական միջոցները կազմել են չորս միլիոն 500 հազար դրամ, իսկ մեկ տարվա աշխատավարձը՝ ինը միլիոն 931 հազար դրամ:
Արմինե Գեւորգյանի օտարերկրացի ամուսինը՝ Ստեֆան Դրեսսլերը, նախորդ տարի ձեռք է բերել DAEWOO NEXIA D 1.5 եւ MERCEDES-BENZ VITO-V230 մակնիշի երկու ավտոմեքենա՝ համապատասխանաբար երկու միլիոն 500 հազար եւ երեք միլիոն դրամ արժողությամբ: Երկրորդ մեքենան, սակայն, տարեվերջին արդեն օտարվել է: Արմինե Գեւորգյանի ամուսինը հայտարարագրել է երկու միլիոն դրամ եւ 15 հազար ամերիկյան դոլար: Իսկ նրա աշխատավարձը կազմել է երկու միլիոն 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արմինե Գեւորգյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում է 2012-ից: Ժամանակին զբաղեցրել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը, ԱԺ քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը: Մասնակցել է Եվրամիության, ԵԽ, ԱՄՆ եւ այլ երկրների ու կազմակերպությունների կողմից կազմակերպված բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների եւ համաժողովների:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան