Հենրիխ Մխիթարյան. Երջանիկ եմ Դորտմունդում, բայց ֆուտբոլում կարող է ամեն բան փոխվել
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությանն ու իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին, որի գլխավորած «Լիվերպուլին» գերմանական ակումբը հանդիպելու է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում:
«Կլոպի գլխավորությամբ մենք խաղում էինք խենթ ֆուտբոլ՝ պրեսինգ եւ հակագրոհներ, իսկ Թոմաս Տուխելը փոխեց մեր կյանքը: Նա ինձ տվեց ավելի շատ ազատություն: Շնորհակալ եմ նրան, որ ինձ օգնեց ավելի օգտակար խաղացող դառնալ թիմի համար:
«Բորուսիան» անցկացնում է հիանալի մրցաշրջան: Երջանիկ եմ այստեղ եւ պատրաստ եմ ամեն ինչ տալ այս ակումբին, սակայն ֆուտբոլում կարող է ամեն բան փոխվել: Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբեք չես կարող ասել, թե ինչ տեղի կունենա: Այդ պատճառով չեմ կարող խոսել «Յուվենտուսի» եւ այլ ակումբների՝ իմ հանդեպ հետաքրքրության մասին: Ամռանը կտեսնենք, թե ինչ է լինելու:
Անդրեա Պիրլոն բացառիկ էր: Նա ֆուտբոլային Աստված է: Նրա տեխնիկան ու խաղ կառուցելու կարողությունը զարմացնում է: Եթե կարծում եք, որ «Յուվենտուսն» ունի իմ կարիքը, ապա կասեմ, որ նրանք ունեն Դիբալայի, Մանջուկիչի ու Մորատայի պես գոլահարներ:
Ես, Օբամեյանգն ու Ռոյսը լրացնում ենք իրար: Ես ունեմ ազատություն եւ կարող եմ մի եզրից տեղաշարժվել մյուսը: Մենք խփում ենք շատ գոլեր, եւ ես նաեւ հաճույք եմ ստանում գոլային փոխանցումներ կատարելիս»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը 2008-2015-ը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: