Նախարար. 3 օրից կսկսվի «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը
ЭКОНОМИКАԵրեք օրից կսկսվի «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին հայտնել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Անհանգստալու ոչ մի առիթ չկա, պետք չէ այն փնտրել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս պիկետներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: