Սարկոզին Թուրքիան Ռուսաստանից ավելի պակաս չափով եվրոպական երկիր է համարում
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը հակասում է առողջ դատողությանը. այդ երկիրը բազմաթիվ առումներով շատ ավելի պակաս չափով եվրոպական պետություն է, քան Ռուսաստանը: iTELE հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
«Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում: Այն (...) կամուրջ է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում: Եթե մենք սկսենք ասել, որ Թուրքիան Եվրոպա է, ստիպված կլինենք դպրոցականներին բացատրել, որ եվրոպական սահմանն անցնում է Սիրիայում: Դա զուրկ է առողջ դատողությունից»,- ասել է Սարկոզին:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ ընդգծել է, որ խոսքը ոչ միայն եվրոպական ժողովրդավարական չափանիշներին ժամանակակից թուրքական պետության անհամապատասխանության, այլեւ աշխարհագրության մասին է:
«Հետո հարց է առաջանում, թե պատմական, մշակութային, տնտեսական առումով Թուրքիան որքանո՞վ կարող է եվրոպական երկիր համարվել: Եթե մենք դա հաստատում ենք, ապա Եվրամիության մահն են ցանկանում: Եթե խոսում ենք Թուրքիայի անդամակցության մասին, ապա, թույլ տվեք ասել, Ռուսաստանը շատ ավելի եվրոպական երկիր է, քան Թուրքիան»,- նշել է քաղաքական գործիչը:



