Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բանակցություններն անհնարին են. Խամենեի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բանակցություններն անհնարին են: Այդ մասին նա հայտարարել է մարտի 20-ին Մեշհեդում՝ ելույթ ունենալով Նովրուզի՝ իրանական Նոր տարվա տոնակատարության առթիվ:
«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բանակցությունները միայն կվնասեն Իսլամական Հանրապետությանը»,- նախազգուշացրել է Խամենեին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը գործնականում չի կատարում իր պարտավորությունները Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ մարտի 16-ին ուժի մեջ մտած համաձայնագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր:
Այաթոլլայի խոսքով՝ ԱՄՆ-ը իրականում Իրանին հնարավորություն չի տալիս օգտվելու պատժամիջոցների չեղարկումից եւ շարունակաբար «շրջանցիկ ուղիներ» է փնտրում: «Իրանը նախկինի պես խնդիրներ ունի բանկային գործառնություններ իրականացնելու եւ այլ պետությունների բանկերում իր սառեցված ակտիվները վերադարձնելու հարցում, պետություններ, որոնք ձգձգում են դրանց հանձնումը՝ զգուշանալով ամերիկացիներից»,- ասել է Իրանի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



