Հայաստանի դատարկվող նկուղը.«Ժամանակ»
ЭКОНОМИКАՀայաստանի պաշտոնական վիճակագրությունը այսօր փաստել է, որ տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվար ամիսներին աճել է 4,7 տոկոսով: Ակնհայտորեն աճել է Հայաստանի վիճակագրական ծառայության հումորի զգացումը կամ երեւակայությունը: Հնարավոր է խոսել ամեն ինչի աճի մասին, բայց Հայաստանի տնտեսական ակտիվության աճի մասին խոսելու համար պետք է ունենալ իսկապես մեծ երեւակայություն կամ էլ բացարձակապես կտրված լինել կյանքից:
Թեեւ կա, իհարկե, մի տարբերակ էլ՝ հավանաբար Ազգային վիճակագրական ծառայությունը սկսել է հաշվարկներ իրականացնել բացառապես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանեկան տնտեսություններում եւ ցուցանիշներ կազմել ըստ այդ ուսումնասիրությունների: Այդ դեպքում, իհարկե, կարող ենք ասել, որ Ազգային վիճակագրական ծառայությունը նույնիսկ նվազեցրել է տնտեսական աճի, տնտեսական ակտիվության տեմպերը, երեւի թե հասարակությանը ավելի շատ չզայրացնելու համար, ավելորդ հարցեր չառաջացնելու համար: Որովհետեւ մարդիկ իսկապես կտարակուսեին, թե ինչպես է պաշտոնյաների տնտեսություններում արձանագրվում նման ակտիվության ցուցանիշ, եթե իրենք հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, վճարել խանութներին ունեցած պարտքերը, հոգալ օրվա հացն ու այլ առաջին անհրաժեշտության կարիքները:
Եթե լուրջ, ապա Հայաստանում, այսպես կոչված, պաշտոնական վիճակագրության եւ իրական տնտեսության պատկերները, մեղմ ասած, երբեք աչքի չեն ընկել համարժեքությամբ: Ի վերջո, բոլորի համար պարզ է, որ այստեղ ամեն ինչ ենթակա է վիճակագրական աճպարարության, եւ ամեն ինչ կախված է հաշվելուց: Վերջին հաշվով, կարելի է ավելի շատ հանք քանդել ու վաճառել հանքանյութ՝ ցույց տալու համար, որ ինչ-որ բան աճել է, որ արտահանումն ավելացել է եւ այլն: Սակայն հասկանալի է, որ դրանից իրավիճակը, խոշոր հաշվով, ոչ միայն չի փոխվում դեպի լավը, այլ խոսում է դեպի վատը գնալու մասին:
Դա մոտավորապես հավասարազոր է նրան, որ զրոյական բյուջեով ընտանիքը տնտեսական ակտիվություն ցույց տալու համար օրական սկսի նկուղից հանել ոչ թե 2, այլ 5 բանկա կոմպոտ կամ այլ պահածո: Զուտ վիճակագրական առումով աճն ակնհայտ է, ակնհայտ է, որ մեկ շաբաթ հետո ընտանիքը ավելի շատ դատարկ տարա կներկայացնի, քան մինչ այդ: Բայց փաստն այն է, որ ընտանիքը դատարկում է իր նկուղը, եւ այդ տարաները նկուղը դատարկելու, ոչ թե ընտանեկան բյուջեն համալրելու արդյունք են:
Նույն կերպ եւ Հայաստանի պարագայում է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշները ոչ թե Հայաստանում արտադրողականության, սպառման ծավալների, նոր բարիքի ստեղծման վկայություն են, այլ ընդամենը թվային-նյութական-գույքային մանիպուլյացիաների, որովհետեւ կառավարության համար գլխավորը իրական կյանքը չէ, այլ ցուցանիշները: Իրական կյանքի համար այդ կառավարությունը պահում է ուժային կառույցներ, որոնց խնդիրն է թույլ չտալ, որ բարձրանա հասարակության քաղաքացիական ակտիվության ցուցանիշը:
Դժվար է ասել, թե ինչքան կշարունակեն այդ կառույցները համեմատաբար արդյունավետ կատարել այդ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ այդ խնդիրն էլ կատարվում է պետության մրցունակության եւ ապագայի հաշվին՝ հանուն նույն այդ հաշվին հարստացած մի քանի ընտանիքների բարեկեցության եւ անվտանգության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում