Ի՞նչ մեքենա և ի՞նչ գնով կներմուծեն հայերը Ռուսաստանից
ЭКОНОМИКАՕրեր առաջ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԵՏՄ երկրներից ֆիզանձանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելիս չգանձել 20% ԱԱՀ-ն: Այժմ օրինագիծը գտնվում է հաստատման փուլում, և նախագահի կողմից 10-օրյա ժամկետում ստորագրվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի, իսկ արդեն ապրիլի 1-ից այս փոփոխությունն արդեն կգործի:
Իրականում, այս որոշումն անակնկալ համարել չի կարելի, որովհետև ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու թիվ մեկ նպատակը միասնական մաքսային տարածք ունենալն էր, որը ենթադրում է ազատ առևտրաշրջանառություն անդամ երկրների միջև: Առավել ընդհանրացնելով այս փոփոխությունը՝ պետք է նշենք, որ վերջապես ՀՀ քաղաքացիները կզգան ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցելու դրական կողմերը:
Վերոնշյալ փոփոխության հետ կապված՝ անկասկած կփոխվի նաև իրավիճակը Հայաստանի ավտոմոբիլային շուկայում: Նախ և առաջ կհեշտանա ավտոմեքենաների ներկրումը, մասնավորապես Ռուսաստանից: Նախկինում Ռուսաստանում և Հայաստանում ավտոմեքենաների գների տարբերությունը հասնում էր 15-20%-ի, իսկ այժմ վերջնական գինը 20%-ով պակաս կլինի, ինչը, բնականաբար, կդրդի մարդկանց մեքենա գնել, հատկապես Ռուսաստանից: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ռուսական ռուբլու փոխարժեքը բավականին ցածր է, ինչը ևս մեկ խթան է ներկրման ավելացման համար:
Անհրաժեշտ է նշել նաև այն, որ մի շարք ավտոմոբիլների ներկրումն առանց այն էլ իրականացվում էր Ռուսաստանից: Դրանք հիմնականում բեռնատար և արտադրական նշանակության մեքենաներ էին, իսկ այս փոփոխության արդյունքում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ նշված պրոցեսի իրականացման համար, սակայն սա չի նշանակում, որ կներմուծվեն միայն ռուսական ավտոմեքենաներ: Վերջին տարիներին Ռուսաստանում արտադրություն են բացել Toyota, General Motors, Nissan, Hyundai և այլ ավտոկոնցեռններ, որոնք արտադրում են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պահանջներին ու չափանիշներին համապատասխան մեքենաներ: Որպես ասվածի վառ օրինակ բավական է միայն համեմատել մի շարք ավտոմեքենաների գները և կստանանք հետևյալ պատկերը. Օրինակ՝ Toyota Corolla-ն Հայաստանում արժե մոտ 15000 ԱՄՆ դոլար, իսկ ՌԴ-ում նույն մեքենայի գինը մոտ ՌԴ-ում՝ 12000 ԱՄՆ դոլար: Մեկ այլ օրինակ՝ KIA Cerato-ն արժե մոտ 21000 ԱՄՆ դոլար, իսկ ՌԴ-ում՝ 13000 ԱՄՆ դոլար: Այս համադրությունը դրական ելք ունի գրեթե բոլոր ավտոմեքենաների համար:
Սակայն ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ գործըթացը նման շահեկան բնույթ կունենա միայն կարճաժամկետում: Որոշ ժամանակ անց շուկայական գները կբալանսավորվեն, իսկ ռուբլին, դառնալով միջանկյալ վճարային միջոց, կունենա առավել կայուն դիրք, սրա արդյունքում ռուսական ավտոմոբիլային շուկան հայ սպառողների համար կդադարի լինել էժան, ուստի եթե կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանից ավտոմեքենաներ ներկրող մարդկանց քանակը կաճի, սակայն հետո այդ աճի միտումը գնալով կնվազի: Տեղին է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների հիմնական մասը մինչև 5 հազար դոլար արժողությամբ է, որոնց վրա այս գնային փոփոխությունը գրեթե աննկատ կլինի, իսկ դրական էֆեկտը կլինի ավելի նկատելի թանկարժեք մեքենաների համար, և եթե ամենաէժան մոդելի համար տարբերությունը կազմել է 20%, ապա թանկարժեք մեքենաների դեպքում տարբերությունը կարող է հասնել գրեթե 60%-ի:
Հայկ Բեջանյան
Past.am վերլուծաբան