Մխիթարյանը անդրադարձել է Ռոբերտ Արզումանյանի որոշմանն ու Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությանը
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգում է հավաքականում կարիերան ավարտելու՝ Ռոբերտ Արզումանյանի որոշումը: Հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում Մխիթարյանն ընդգծեց, որ դեռ չի խոսել հավաքականի նախկին կենտրոնական պաշտպանի հետ, չգիտի, թե ինչի համար է նման որոշում կայացրել, սակայն հարգում է այն: «Ես կարող եմ մենակ հարգել Ռոբերտի որոշումը: Դեռ չեմ խոսել իր հետ, չգիտեմ, թե ինչի համար է նման որոշում կայացրել: Սակայն եթե նա նման որոշում է կայացրել, խնդիր չկա, եթե այդպես է եղել, միայն կարող եմ նրան շնորհակալություն հայտնել այսքան տարի հավաքականին նվիրելու համար: Ճիշտ է, ցավալի է, սակայն մենք պետք է առաջ նայենք և մտածենք, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են նրան փոխարինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մխիթարյանը:
Դորտմունդի «Բորուսիա»-ի հայազգի կիսապաշտպանն անդրադարձավ նաև յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությանը: «Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունն, իհարկե, զգացնել կտա, սակայն մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ կլինեն խաղալ նրանց փոխարեն: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Ես չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչը նման որոշում կայացրել»,- եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն արդեն հայտարարել է, որ հավաքականում ավարտում է կարիերան: Հարձակվողներ Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Ղազարյանն էլ Բելառուսի դեմ առաջիկա խաղին մասնակցելու համար հավաքականի մարզչական շտաբի կողմից հրավեր չեն ստացել: