Կառավարությունը կօտարի 12-25 տարվա արտադրության ավտոմեքենաները
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը վաղվա իր նիստում քննարկելու է կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված թվով ինը ծառայողական ավտոմեքենաներն օտարելու հարցը:
Այսպես, այդ ավտոմեքենաները անսարքությունների պատճառով արդեն հինգ տարի չեն շահագործվել, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաների՝ 12-25 տարվա արտադրության լինելու պատճառով:
Մասնավորապես, նիստի ընթացքում կորոշվի ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող այդ ինը տրանսպորտային միջոցները հետ վերցնելու եւ հետագայում օտարելու նպատակով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու վերաբերյալ հարցը:
Նշենք, որ վերոհիշյալ ավտոմեքենաներից վեցը մարդատար են՝ երեքը «Գազ 3110» մակնիշի, երկուսը՝ «Գազ 311000», մեկը՝ «Գազ 3102» մակնիշի: Սրանց ընդհանուր արժեքը միասին կազմում է 24 միլիոն 101 հազար 237 դրամ: Մյուս երեքը, որ նախատեսված են բեռնատար եւ այլ նպատակի փոխադրումների համար, չորս միլիոն 782 հազար 280 դրամ ընդհանուր արժեքով «Գազ 32213», «ՄՄԶ 4502» եւ «ՏՍՎ 7» մակնիշի ավտոմեքենաներն են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան