Բելգիայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 300-ի
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, որոնցից 150-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Բելգիայի առողջապահության նախարարությունը:
«Ըստ վերջին նախնական տվյալների՝ զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, նրանցից 150-ը մնում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 61-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»,- նշել է առողջապահության նախարարությունը:
Տուժածները հոսպիտալացված են Բելգիայի ինը մարզերի հիվանդանոցներում եւ զինվորական հոսպիտալներում, այսինքն՝ ամբողջ երկրի տարածքում:
Շուրջ 800 ավիաուղեւորներ չեն կարողանում մեկնել Բելգիայի մայրաքաղաքից Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքի դադարեցման պատճառով, որն աշխատանքը կվերսկսի մարտի 26-ից ոչ շուտ: Նրանց տեղավորել են ժամանակավոր կենտրոններում:
Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացրած երկրորդ մահապարտ ահաբեկիչն, այնուամենայնիվ, նույնականացվել է որպես Նաջիմ Լահրաուի: Այդ մասին մարտի 23-ին հայտնել է Laatste Nieuws թերթը:
«Ոստիկանությունը Լահրաուին նույնականացրել է որպես Բրյուսելի օդանավակայանի երկրորդ մահապարտ»,- նշել է հրատարակությունը:
Նույն օրն ավելի վաղ բելգիական ԶԼՄ-ներն արդեն գրել էին Բրյուսելի ահաբեկչական գործողություններին այդ մարդու մեղսակցության մասին, սակայն կեսօրին Բելգիայի համերկրային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովը չհաստատեց այդ տեղեկատվությունը:
Միեւնույն ժամանակ Վան Լյովը հաստատեց առաջին մահապարտի՝ Բրահիմ Բաքրաուիի ինքնությունը, որը զոհվել է սեփական ռումբի պայթյունից: Նրա եղբայրը՝ Հալիդը, այն մահապարտն էր, որը պայթյուն էր իրականացրել Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում:
Նաջիմ Լահրաուին Բելգիայի 25-ամյա քաղաքացի է: 2013 թվականին նա մեկնել էր Սիրիա՝ կռվելու զինյալների շարքերում: 2015 թվականի դեկտեմբերի 4-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է այն պայթուցիկ նյութերի վրա, որոնք ահաբեկիչների կողմից նոյեմբերի 13-ին գործի են դրվել Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Նաջիմ Լահրաուին, ինչպես նաեւ Բաքրաուի եղբայրները, միաժամանակ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գլխավոր մասնակցի՝ Սալահ Աբդեսլամի գործի ֆիգուրանտներ են, որին ավելի վաղ ձերբակալել են Բրյուսելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



