ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը ներդնում է միջազգային լավագույն փորձը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Եկատերինբուրգ քաղաքում` Ուրալի դաշնային համալսարանում ՌԴ ԱԻՆ-ի Հրատապ հոգեբանական օգնության կենտրոնի ուրալյան մասնաճյուղի աջակցությամբ մարտի 25-ին կայացավ «Արդիականության եզրակցում: մարդու և համայնքների կենսակայունություն1» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էր ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը: Գիտաժողովին ուղիղ տեսակամուրջի միջոցով հետևում էին Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ԱԻ ոլորտի մասնագետները: Գիտաժողովի նպատակն էր կենսակայունության վերաբերյալ ուսումնասիրություններում արդի միտումների միջդիսցիպլինար վերլուծությունը: Քննարկվեցին անհատական և կոլեկտիվ կենսակայունության ուսումնասիրության մեթոդաբանական և տեսական մոտեցումները:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախա րարությունից:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցության հրավեր ուղարկելու համար` Արևիկ Երիցյանն անդրադարձավ տարերային աղետների առաջացման պատճառներին, դրանց դեմ պայքարի միջոցներին և կարևորեց ԱԻ ժամանակ բնակչությանը հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
«Հայաստանում երկրաշարժերի մասին գրավոր հիշատակումներն ունեն ավելի քան երկու հազար տարվա պատմություն: Սակայն, 1988 թ. տարերային աղետը հանկարծակիի բերեց այն կազմակերպություններին և ծառայություններին, որոնք նախատեսված են գործել արտակարգ իրավիճակներում: Փրկարարական աշխատանքները մեկնարկեցին միայն երկու-երեք օր հետո: Առաջին րոպեից անձնվիրաբար աշխատում էր բնակչությունը, սակայն հմտությունների և բազային գիտելիքների պակասը, թե ինչպես պետք է գործել ԱԻ-ում, բացասական ազդեցություն էին թողնում փրկարարական գործողությունների արդյունավետության վրա՝ երբեմն դառնալով անիմաստ զոհերի պատճառ: Ուստի՝ խիստ կարևոր է հոգեբանական նախապատրաստման աշխատանքների իրականացումը:
2014 թ.-ին ՀՀ ԱԻՆ-ում մտահղացում առաջացավ ստեղծել հոգեբանական ծառայություն: Դրա հիմնական նպատակն էր բնակչությանը տրամադրել հոգեբանական օգնություն և խորհրդատվություն: Բացման օրից հոգեբանական ծառայությունը ստացել է ավելի քան յոթ հարյուր դիմում», - հավելեց Ա. Երիցյանը:
Իր խոսքում ԱԻՆ հոգեբանական ծառայության պետը ներկայացրեց նաև Հայաստանում տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու միջոցներն ու եղանակները:
Դեպքի վայրում մենք գնահատում ենք իրավիճակն ամբողջությամբ՝ փորձելով որքան հնարավոր է շուտ պարզել ԱԻ վտանգավորության աստիճանը, տուժածների կյանքի և առողջության սպառնալիքները: Մենք ուսումնասիրում ենք նաև այլ երկրների փորձը, գտնում համագործակցության նոր եզրեր, - եզրափակեց Ա. Երիցյանը:
Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը ներկայացրեց նաև «Անձի հոգեբանական ռեսուրսները և սոցիալական ադապտացումն արտակարգ իրավիճակներին» թեմայով զեկույցը (անգլերեն լեզվով):
«Անհատի՝ լարված պայմնաններում գործողության պատրաստվածության հոգեբանական ասպեկտը» թեմայով զեկույց ներկայացրեց նաև Սլավոնական համալսարանի հոգեբանական ամբիոնի դասախոս Է. Գեղամյանը:
Գիտաժողովից հետո Ա. Երիցյանը հանդիպեց ՌԴ ԱԻՆ ուրալյան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ս. Միրոշնիչենկոյի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վանահայր Ա. Հովհաննիսյանի հետ:



