Բելառուսի հավաքականի մարզիչը գոհ չէ իր թիմի խաղի որակից
СПОРТԲելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը գոհ չէ Հայաստանի դեմ ընկերական խաղում իր թիմի խաղի որակից: Խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը Խացկևիչն ընդգծեց, որ իր ֆուտբոլիստները շատ սխալներ էին թույլ տալիս պարզ իրավիճակներում: «Մեր խաղում տեխնիկական խոտանը շատ էր հատկապես պաշտպանությունից հարձակման անցնելու ընթացքում: Գոհ չեմ մ թիմի խաղի որակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խացկևիչը:
Հարցին, թե ինչո՞ւ կատարեց ընդամենը 3 փոփոխություն, եթե ընկերական խաղում 7 փոփոխություն կատարելու հնարավորություն կա, Խացկևիչն ընդգծեց, որ 4 օրից թիմը ևս մեկ հանդիպում է անցկացնելու, որի ժամանակ խաղալու հնարավորություն կստանան մյուս ֆուտբոլիստները: «Ես ասել եմ, որ բոլորն էլ խաղալու հնարավորություն կստանան, բայց թե ով որքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում, չեմ կարող ասել»,- նշեց Բելառուսի ազգային հավաքականի մարզիչը:
Նա նաև հավելեց, որ Հայաստանի հավաքականը տեխնիկապես լավ պատրաստված թիմ ունի, սակայն դա էլ բավարար չէր հաղթանակի համար: «Ձեր թիմը գոլ չխփեց, մենք էլ գոլ չկարողացանք խփել, ինչը նշանակում է, որ երկու թիմերի պաշտպանությունն էլ ուժեղ էր»,- եզրափակեց Խացկևիչը: