ՄԱԿ-ը Սիրիայում հրադադարի ընթացքում օգնություն է ցուցաբերել ավելի քան 150 հազար մարդու
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ը Սիրիայում հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում մարդասիրական օգնություն է հասցրել պաշարված շրջանների 150 հազար բնակիչների: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ մարտի 29-ին հրապարակված զեկույցում, որն ուղարկվել է Անվտանգության խորհուրդ:
«Միավորված ազգերի կազմակերպությունը ավտոշարասյուների օգնությամբ օգնություն է հասցրել 18 պաշարված շրջաններից 10-ի 150 հազար մարդու, ինչպես նաեւ դժվարամատչելի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչների համար»,- ասված է փաստաթղթում:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության գնահատումների համաձայն՝ ընդհանուր առմամբ Սիրիայի պաշարված շրջաններում բնակվում է ավելի քան 480 հազար մարդ: Ամբողջ 2015 թվականի ընթացքում ՄԱԿ-ը կարողացել է օգնություն ցուցաբերել նրանց 1 տոկոսից էլ պակաս մասին:
Զեկույցում, որը քննարկվելու է Անվտանգության խորհրդի բաց նիստում, ընդգծվում է, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, ընդհանուր առմամբ, պահպանվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



