Գեղասահքում գրանցած արդյունքները գոհացնում են ֆեդերացիայի նախագահին
СПОРТՄոտակա տարիների ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներին կարող ենք տեսնել նաեւ Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումների ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Վերջինս իր գոհունակությունը հայտնեց Բոսթոնում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի 4 ներկայացուցիչներից:
«Ես շատ գոհ եմ Անաստասիա Գալուստյանի ելույթից: Ճիշտ է, նրա ելույթում նկատելի էին փոքրիկ սխալներ, բայց չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք սառույցի հետ, չի կարելի ամեն անգամ նույն բարձր արդյունքին սպասել: Մենասահքում դա իսկապես դրական արդյունք է: Երկար տարիներ մենք չենք ունեցել մեծահասակների աշխարհի առաջնության մասնակիցներ, իսկ սա արդեն մեծ արդյունք է ներկա դրությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մելանյա Ստեփանյանը` հավելելով, որ չի կարելի մեծ սպասումներ ունենալ նորեկներից:
Ըստ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահի` Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս-Սենեկալ զույգից ավելին այս պահին սպասել չարժեր (Հայաստանը ներկայացնող զույգը չնայած հավաքեց 47,11 միավոր, սակայն 30 մասնակցի մեջ զբաղեցրեց ընդամենը 27-րդ հորիզոնականը` դուրս մնալով ազատ ծրագրին մասնակցելուց): Մելանյա Ստեփանյանի պնդմամբ` գեղասահքում նորեկ լինելը ամենեւին էլ լավ չի ընդունվում. «Կողմնապահություն կա, մի տեսակ չեն ցանկանում նորեկներին հենց առաջին անգամից հնարավորություն տալ: Իհարկե, ցանկացած մարզաձեւ իր ներքին խոհանոցն ունի, եւ ես չէի ուզենա բաց առել, որ հենց հաջորդ փորձից մեր զույգը կարող է հաջողության հասնել, քանի որ իսկապես շատ լավն են. պարապում են Կանադայում, իսկ այնտեղ հոյակապ մասնագետներ կան»:
Խոսելով տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանի ելույթի մասին (30 մասնակցի մեջ վերջինն էր ու չնայած հավաքեց 49,36 միավոր, այնուամենայնիվ հնարավորություն չստացավ մասնակցելու ազատ ծրագրին)` Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ պետք է հաշտվել գրանցված արդյունքի հետ եւ մտածել առաջ շարժվելու մասին: Մելանյա Ստեփանյանի խոսքով` չարժե ասել, թե շատ վատ արդյունք է, պետք է նորից փորձել, չհիասթափվել ներկա արդյունքից. «Չէինք ցանկանա այդպիսի արդյունք տեսնել, բայց այսպես ստացվեց»:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 4-ին Հայաստան կվերադառնա Սլավիկ Հայրապետյանը եւ կսկսի արագորեն պատրաստվել արդեն Հայաստանի առաջնությանը, որը տեղի է ունենալու 2016 թ.-ի մայիսի 30-ին եւ 31-ին: Ի դեպ, ըստ Մելանյա Ստեփանյանի` արդեն կարելի է հույսեր փայփայել, որ երկու տարի անց` 2018 թ.-ին, Հայաստանը գեղասահքում առնվազն 3 մասնակից կունենա Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:
Անաստասիա Գալուստյանը, ով հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը Գեղասահքի աշխարհի առաջնությունում ազատ ծրագրով հանդես կգա ապրիլի 2-ին: Ապրիլի 3-ին կամփոփվի Բոսթոնում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությունը. սպասվում է, որ վերջին օրը չեմպիոնների պարգեւատրման հանդիսավոր արարողություն կլինի: