Օզբիլիսը չխաղաց, բայց նրա թիմը հաղթեց
СПОРТԻսպանական «Լա լիգայի» 31-րդ տուրն սկսվել է մրցաշարային աղյուսակում հարևանների` «Ռայո Վալյեկանո»-ի եւ «Խետաֆե»-ի դիմակայությամբ: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ սեփական հարկի տակ հանդիպում անցկացնող «Ռայո Վալյեկանո»-ն, որի կազմում ընդգրկված է նաեւ Հայաստանի ազգային հավաքակ անի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, կարողացել է 2-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
Չնայած Օզբիլիսը հայտավորված է եղել այս խաղին, սակայն այդպես էլ գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայ ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չի տվել: «Ռայո Վալյեկանո»-«Խետաֆե» հանդիպման ամենահիշարժան պահը, թերևս, եղել է առաջին խաղակեսում. 15-րդ րոպեին 34-ամյա հարձակվող Խավի Գուերան առաջ է մղել «Ռայո Վալյեկանո»-ին, սակայն հանդիպման նույն րոպեին խաղադաշտից հեռացվել է հարձակվողի թիմակիցը` պահեստային դարպասապահ Յոել Ռոդրիգեսը:
Հետագայում հանդիպումն ընթացել է փոխադարձ սուր գրոհների մթնոլորտում, սակայն «Խետաֆե»-ին այդպես էլ բախտ չի վիճակվել գրավելու Ռաուլ Բաենայի պաշտպանած դարպասը: Դեռ ավելին, 2-րդ խաղակեսում «Ռայո Վելյեկանո»-ին հաջողվել է երկրորդ գնդակն ուղարկել հյուրերի դարպասը: Խաղի 71-րդ րոպեին աչքի է ընկել վենեսուելացի Միկուն:
Հաղթանակից հետո «Ռայո Վալյեկանո»-ն 31 միավորով արդեն 16-րդ հորիզոնականում է, իսկ ահա խաղից առաջ 28 միավոր ունեցող «Խետաֆե»-ն 18-րդն է:
Ապրիլի 2-ին սպասվում է «Լա լիգայի» 31-րդ տուրի գլխավոր հանդիպումը. կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելու է մշտական ախոյանին` Մադրիդի «Ռեալ»-ին: Եվրոպական ֆուտբոլի այս շաբաթվա գլխավոր մրցակցությունը սկսվելու է Երևանի ժամանակով 22:30-ին: