«Բորուսիա»-ն 3:2 հաշվով հաղթել է «Վերդեր»-ին. Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 28-րդ տուրում սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության է հասել Բրեմենի «Վերդեր»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանի փոխանցումից հետո 53-րդ րոպեին հաշիվը բացել է առաջնության գլխավոր ռմբարկուներից մեկը` Օբամեյանգը: Այնուհետև հյուրերն Ալեխանդրո Գալվեսի և Զլատկո Յունուզովիչի գոլերի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ: Դորտմունդցիների կազմում հաշիվը վերականգնել է Կագավան, իսկ 82-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել Ադրիան Ռամոսը` Մխիթարյանի երկրորդ գոլային փոխանցման շնորհիվ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս խաղին մասնակցել է սկզբից մինչև վերջ:
Այս տուրում Բունդեսլիգայի առաջատար «Բավարիա»-ն 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Այնտրախտ»-ի նկատմամբ: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Բորուսիա»-ն շարունակում է հինգ միավորով հետ մնալ առաջատարից: