Լեւոն Մկրտչյանը 100 միլիոն դրամի չափով բաժնեմաս ունի
ЭКОНОМИКАՄիայն վերջերս կրթության եւ գիտության նախարար նշանակված դաշնակցական Լեւոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ նախարարին է պատկանում երկու բնակարան, մեկ հողամաս, մեկ ավտոտնակ եւ LEXUS RX 350 մակնիշի մեկ ավտոմեքենա: Լեւոնը Մկրտչյանը նաեւ հայտարարագրել է երեք ընկերություններում առկա՝ ընդհանուր 107 միլիոն 530 հազար 400 դրամի չափով արժեթղթեր, բացի այդ, 66 հազար 831 եվրո եւ 317 հազար 762 ռուբլի փոխառություն է տվել: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, 25 հազար եվրո եւ 20 հազար ԱՄՆ դոլար:
Հունվարի 1-ից մինչեւ նախարարի պաշտոնը ստանձնելը նրա՝ նախորդ աշխատանքից ստացված աշխատավարձը կազմել է 149 հազար 200 դրամ: Որպես այլ եկամուտ կրթության եւ գիտության նախարարը նշել է չորս միլիոն դրամի չափով շահաբաժինը: Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Լեւոն Մկրտչյանը կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում է նշանակվել փետրվարի 24-ին:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնը զբաղեցրել է նաեւ 1998-1999թթ., 2001-2003թթ. եւ 2006-2008թթ.:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան