Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ խնդրի առնչությամբ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրան-Վալտեր Շտայնմայերի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի լուրջ լարման առնչությամբ, որն արդեն իսկ բերել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի, այդ թվում քաղաքացիական անձանց մահվան:
Լավրովը և Շտայնմայերը միասնական դիրքորոշում են հայտնել առ այն, որ տարածաշրջանում հակամարտությունը ռազմական լուծում չունի և հանդես են եկել կողմերի զսպվածության, ինչպես նաև անհապաղ կրակի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերականգնման օգտին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվ ել են:
Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ից 4-ը օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գրադ»կայանք:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական կողմը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառել է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
Ապրիլի 4-ի դրությամբ հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:
Հայկական կողմի կորուստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:



