Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներն ուղևորվում են տարածաշրջան
МЕЖДУНАРОДНОЕԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն տարածաշրջան կուղևորվեն ապրիլի 5-ից: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին հարցը դեռևս ճշտվում է: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռևս կգտնվի Վիեննայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը լրագրողների հետ: Վիեննայում այս րոպեներին ընթանում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Լեռնային Ղարաբաղի հարցով, որին մասնակցում են համանախագահ Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նիստը նախագահում է ԵԱՀԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էբերհարթ Փոլը:
Ապրիլի 5-ին արդեն իսկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ եռյակի հանդիպումը (Սերբիա, Գերմանիա, Ավստրիա), որից հետո տարածված հայտարարության մեջ շեշտվում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) ձևաչափով: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:



